Փաստաթղթեր



ԱՍՊԵՏԱԿԱՐԳ ՀԱՅՈՑ




ՆԵՐԱԾԱԿԱՆ

Սույն Ասպետակարգի սահմաններում, «հայ» եզրույթը կիրառվում է նաև «հայկական» իմաստով, իսկ «հայոց» եզրույթը նշանակում է «Հայքի», «Հայաստանի», «Հայաստանյան»:

Նաև, «ասպետ», «ձիավոր», «հեծելավոր» («հեծելվոր»), «կտրիճ», «մանուկ» եզրույթները հոմանիշներ են: Միաժամանակ, սույն Ասպետակարգի սահմաններում, «ասպետ» եզրույթը տարբերվում է «Թագադիր Ասպետից» և «Հայոց Ասպետից»:

Սույն Ասպետագիրը պարտադիր է բոլոր հայոց ասպետական և շքանշանային  միաբանությունների և ասպետների, ինչպես նաև ասպետության թեկնածուների համար: Օտարերկրյա ասպետական միաբանություններին վերաբերվող հարցերը կարգավորվում են առանձին փաստաթղթերով և որոշումներով:

Սույն Ասպետագիրը չէ ենթադրում որևե սեռական (արական կամ իգական), ազգային, քաղաքական, կրոնական, կամ աշխարհայացքային խտրականություն: 


ԱՍՊԵՏՈՒԹՅԱՆ  ՀԻՄՔԵՐԸ

Հայ ասպետությունը կազմում է հայոց միապետական համակարգի և ազնվական դասի կարևոր մաս: Այն հանդիսանում է սկզբնական հայ զինվորական  հնագույն ավանդական համակարգի, հետագայում արքունի այրուձիի, նախարարական հեծելազորի և Կիլիկիո իշխանական ձիավորների դասի և ավանդույթների ժառանգական շարունակությունը:

Ասպետությունը շքամուտք է դեպի ազնվական դասը: Բացառությամբ դատավարության մեջ գտնվող կամ դատված անձանց, այդ շքամուտքը բաց և հասանելի է բոլոր ավանդապաշտ հայրենասեր միապետականների համար, որոնք ցանկություն կունենան ակտիվորեն ծառայելու Հայրենիքին և այն մարմնավորող Հայոց Գահին: Դրա հետ մեկտեղ, ասպետությունը խիստ կարգավորված համակարգ է, որտեղ գործում են հստակ կանոններ և բացառվում է ցանկացած ինքնագործունեություն:


ԱՍՊԵՏ

Ասպետ է համարվում 15 տարին բոլորած և ըստ միապետական-ազնվական կարգի ու կանոնների՝ միապետի կամ տոհմապետ իշխանի կողմից ասպետացված անձը, որը անվերապահորեն հետևում է Ազնվակարգին և սույն Ասպետակարգին: 


ԱՍՊԵՏ ԵՎ ԱԶՆՎԱԿԱՆ

Ասպետը համարվում է անձնական ազնվական և, որպես այդպիսին, պարտավոր է անվերապահորեն հետևել հայոց Ազնվակարգի բոլոր դրույթներին, նախնյաց կարգին և հայ ազնվականի վարքի ու բարքի կանոններին:

Ասպետը տիտղոս չէ, հետևաբար, այն ժառանգաբար չէ փոխանցվում հաջորդ սերունդներին:


ԱՍՊԵՏԱՑՄԱՆ  ՁԵՎԵՐԸ

Գոյություն ունի ասպետացման երեք ճանապարհ և ձև.

Ա. Ոստանիկ ասպետներ, որոնք ասպետացվում են միապետի կամ տոհմապետ իշխանի կողմից՝ վերջինների ոստաններում բնակվող հպատակներից:

Բ. Շքանշանային ասպետներ, որոնք ասպետացվում են գրանցված ասպետական շքանշանով  պարգևատրվելու դեպքում:

Գ. Միաբանական ասպետներ, որոնք ասպետացվում են միապետի կամ Հայոց Իշխանաց Խորհրդի ճանաչված ասպետական միաբանությունների կողմից՝ միապետի կամ տոհմապետ իշխանի մասնակցությամբ:

Ասպետացման վերոհիշյալ բոլոր ձևերն ու ճանապարհները, և դրանց արդյունքում դասված բոլոր ասպետները հավասար են ասպետական դասում:
                                                              

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Ասպետի կյանքի ամբողջ իմաստը ծառայությունն է: Անկախ ասպետացման ձևի և ճանապարհի, բոլոր ասպետները, ինչպես և ազնվականները, նախ և առաջ ծառայում են Ամենայն Հայոց Արքային, որը մարմնավորում է Մեծ Հայքի Գահը և Հայրենիքը՝ Մեծ Հայքի Արքայությունը, իսկ միաբանական ասպետության պարագայում ասպետները նախ և առաջ ենթարկվում են տվյալ միաբանությանը, որն էլ իր հերթին հպատակվում է Հայոց Գահին:


ՈՍՏԱՆԻԿ ԱՍՊԵՏՈՒԹՅՈՒՆ

Միապետը կամ տոհմապետ իշխանը չպետք է չարաշահեն ասպետացման իրենց բնածին իրավունքը՝ ասպետացնելով անարժան կամ չափազանց շատ քանակի անձանց: Ի վերջո, ասպետացումը նաև ասպետացնողի պատվո խնդիր է՝ կախված նրանից, թե որքանով ապագա ասպետը արժանի է այդ կոչմանը, և որքանով նա ապագայում իրեն ասպետավայել կդրսևորի:
  
Որպես ժամանակավոր միջոց, տոհմապետ իշխաններին թույլատրվում է ասպետացնել (որպես ոստանիկ ասպետ) մինչև ինը (9) անձ: Սույն քանակական սահմանափակումը հետագայում կարող է փոփոխվել՝ Ամենայն Հայոց Արքայի կամ Հայոց Իշխանաց Խորհրդի որոշումով:


ՇՔԱՆՇԱՆԱՅԻՆ ԱՍՊԵՏՈՒԹՅՈՒՆ

Որոշ գրանցված միապետական շքանշաններով պարգևատրումը ենթադրում է ազնվականացում կամ ասպետացում: Այդպիսի շքանշանով պարգևատրման իրավունքը պատկանում է բացառապես միապետին՝ սակայն ոչ իշխանական տոհմերին կամ անհատ իշխաններին:

Հիշյալ շքանշանների ցանկը և շքանշանային ասպետացման հարցերը կարգավորվում են հատուկ կարգավիճակով (statute):


ՄԻԱԲԱՆԱԿԱՆ ԱՍՊԵՏՈՒԹՅՈՒՆ

Միաբանական ասպետությանը ձգտող բոլոր անձիք պարտավոր են անցնել հատուկ ասպետական ուսում` որևե ճանաչված ասպետական միաբանությունում: Նվազագույնը, այդ ուսումը պետք է ընդգրկի հետևյալ տարրերը.
Ա. ազնվական (ցանկալի է, որ ուսուցանողը իշխան լինի)
Բ. ռազմական
Գ. ասպետաց վարք
Դ. ազնվական էթիկա
Ե. գրականություն
Զ. պատմություն
Է. նիշագիտություն

Վերոհիշյալ ուսումը պետք է տևի առնվազն երկու տարի (այդ ընթացքում թեկնածուն կոչվում է աշակերտ), որից հետո առնվազն երեք ամիս (այդ ընթացքում թեկնածուն կոչվում է ասպետացու/զինակիր) պարտավոր է անցնել սահմանված սիմվոլիկ «փորձություններով»: Ասպետական «փորձության» նպատակը ոչ թե ասպետացուի պարտադիր հաղթանակն է, այլ իր ունակությունների լավագույն դրսևորումը և դրա գնահատականը իր ուսուցիչների կողմից: Փոձությունները կարող  են լինել բազմապիսի՝ օրինակ ատենախոսություն նվիրված պատմությանը, մշակույթին, զինարվեստին, նիշագիտությանը և այլ՝ միաբանությանը օգտակար և կիրառելի ծրագրեի ներկայացում և դրանց իրականացում՝ ինչպիսին է օգնություն կարիքավորների կամ այլ հանրային ծրագրերի իրագործում: Բոլոր դեպքերում, փորձությունները սահմանվում են միաբանության կողմից համապատասխան իր դավանած արժեքներին և գաղափարախոսությանը, նախապես համաձայնեցնելով ասպետակարգմանը մասնակցող իշխանների հետ:


ԱՍՊԵՏԱԿԱՆ ՄԻԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ասպետական միաբանությունները կարող են լինել բազմաթիվ և տարբեր մարտավարական նպատակներով, սակայն ռազմավարական առումով, բոլորը պարտավոր են.

Ա. Լինել հայրենասեր և միապետական, այսինքն անվերապահորեն նվիրված ծառայել       Հայրենիքին՝ Մեծ Հայքի Արքայությանը, Հայոց Գահին և այդ ամենը մարմնավորող Ամենայն Հայոց Արքային:
      
Բ. Անվերապահորեն հետևել հայոց Ազնվակարգին և սույն Ասպետակարգին:

Գ. Լինել ճանաչված Ամենայն Հայոց Արքայի կամ Հայոց Իշխանաց Խորհրդի կողմից (նույնիսկ ճանաչվելու դեպքում ճանաչումը կարող է կասեցվել կամ ետ կանչվել՝ ըստ միապետի կամ ՀԻԽ-ի հայեցողության, միաբանության կողմից Ազնվակարգի կամ Ասպետակարգի խախտման դեպքում):

Ասպետական միաբանության օրինականության պայման է նաև այն, որ տվյալ միաբանության ասպետացուների (ասպետի թեկնածուների) ասպետացման ուսուցման ու ասպետացման արարողությանը պարտադիր մասնակցություն ունենան Ամենայն Հայոց Արքան կամ Հայոց Իշխանաց Խորհրդի կողմից նշանակված տոհմապետ իշխանները, քան զի, ըստ նախնյաց կարգի, ասպետացումը (ասպետակարգումը) հայոց միապետի կամ տոհմապետ իշխանների բացառիկ մենաշնորհն է:

Ասպետական միաբանությունների օրինականացումը վավերացվում է Ամենայն Հայոց Արքայի կամ Հայոց Իշխանաց Խորհրդի կողմից ճանաչվելու դեպքում: Վերջինս վավերագրվում է պաշտոնական փաստաթղթերով (օրինակ, հրովարտակներով, հուշագրերով, համաձայնագրերով, ճանաչման գրություններով և այլը) և ուժի մեջ է մտնում դրանց հրատարակման պահից:

Ասպետական միաբանությունները պարտավոր են ունենալ միաբանության դրոշ, զինանշան (հաստատված Ամենայն Հայոց Արքայի կամ Հայոց Նիշագիտական Խորհրդի կողմից), և կանոնագիր:

Ասպետական միաբանության անդամները բաժանվում են երեք կարգի.
  • Աշակերտ (ուսումը երկու տարի)
  • Ասպետացու/Զինակիր (երեք ամիս)
  • Ասպետ (ասպետացումից հետո)

Ֆունկցիոնալ առումով, ասպետացուները համարվում են ենթասպայեր:

Ասպետները բաժանվում են երեք ֆունկցիոնալ դասի.
  • Սպա
  • Սպայապետ, ավագ սպա
  • Մագիստրոս


Միաբանության բոլոր նույնաստիճան անդամները հավասար եղբայրներ են՝ անկախ իրենց ծագումից: Միաժամանակ, ստորին կարգի անդամը իրավունք չունի ընդդիմանալ վերին կարգի անդամին. Խնդիրների դեպքում, նա պարտավոր է դրանք ներկայացնել միաբանության իրենից բարձր առաջին ֆունկցիոնալ վերադասին:

Ասպետական միաբանության որոշումները ընդունվում են միաբանության ասպետաց խորհրդի կողմից: Այդ խորհրդի կազմը, ինչպես նաև ասպետական միաբանության այլ ներքին գործառույթները սահմանվում են միաբանության կողմից ինքնուրույն, պայմանով, որ դրանք չեն հակասում Ազնվակարգին կամ Ասպետակարգին:


ԱՍՊԵՏԱՑՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ

Ըստ հայոց միապետական-ազնվական կարգի, ասպետացման (ասպետակարգման) իրավունքը պատկանում է բացառապես միապետին, նաև տոհմապետ իշխաններին՝ անհատապես: Միապետից կամ տոհմապետ իշխանից բացի, որևե այլ անձ ասպետացման իրավունք չունի. ասպետական միաբանություների պարագայում եթե կա Միապետից, տոհմապետ իշխանից համապատասխան գրավոր թույլտվություն, հինգ իշխանների ներկայությամբ, կարող է ասպետացնել միաբանության առաջնորդը, նույն է պարագան երբ առաջնորդը ունենում է իշխանի տիտղոս:

Որպես նվազագույն, ասպետացման արարողակարգին մասնակցում են ասպետության թեկնածուն՝ ասպետացուն, ասպետացնող միապետը կամ տոհմապետ իշխանը, և հինգ վկա իշխաններ կամ իշխանուհիներ. վերջիններս չեն կարող լինել ասպետագիր տվող տոհմապետ իշխանի տոհմից և պետք է լինեն տարբեր իշխանական տոհմերից: Ասպետացման արդյունքում բոլոր ասպետներին տրվում է կնքված և ստորագրված ասպետագիր, որի պատճեն (կամ որի մասին գրանցումը) պահվում է ասպետացնողի տոհմական դիվանում (արխիվում): Նոր ասպետների և ասպետացմանը մասնակցածների անունները հրապարակվում են միապետական կամ միաբանական մամուլում:

Ոստանիկ ասպետացման դեպքում, եթե ասպետացնողը միապետն է, ապա բավարար է վկա իշխանների ներկայությունը. ասպետագիրը ստորագրում և կնքում է միայն միապետը: Եթե ասպետացնողը տոհմապետ իշխան է, ոչ միայն ասպետացնող տոհմապետ իշխանը, այլև երկու վկա իշխանները պարտավոր են կնքել և ստորագրել ասպետագիրը:

Շքանշանային ասպետացման դեպքում, ասպետագրի կնքման և ստորագրման ձևաչափը կարգավորվում է համապատասխան շքանշանային ստատուտներով:

Միաբանական ասպետացման դեպքում, արարողությանը մասնակցում են ասպետացուն, իր միաբանական ուսուցիչ-ասպետը և ասպետացնող տոհմապետ իշխանը՝ կրկին հինգ այլ իշխանների ներկայությամբ: Ասպետագիրը կնքվում և ստորագրվում է ասպետացնող տոհմապետ իշխանի կողմից, հինգ այլ իշխանների և ուսուցիչ-ասպետի կողմից:


ԱՍՊԵՏԱՑՄԱՆ ԱՐԱՐՈՂԱԿԱՐԳԸ (accolade)

Ասպետացումը, որպես կանոն, անց է կացվում հետևյալ օրերին.

  • Հայոց Միապետության տոնին՝ 11 օգոստոսի, ի նշանավորումն Հայկ Նահապետի հաղթանակին (մ.թ.ա. 2492 թ.)
  • Հայ Ասպետության տոնին՝ 15 նոյեմբերի, ի նշանավորումն արքայազն Լեւոնի ձիավորեցմանը Ն.Ա.Մ. Հեթում Արքայի կողմից (1256 թ.)
  • Հայ Ազնվականության տոնին՝ 26 դեկտեմբերի, ի նշանավորումն կաթողիկոս Սահակ Պարթևի կողմից պարսկական արքունի դիվանում հայտնաբերած Հայոց Գահնամակի (424 թ.)
  • 6 հունվարի՝ ի նշանավորումն Նորին Արքայական Մեծություն Լևոնի 1198 թ. թագադրությանը
  • 18 նոյեմբերի՝ ի նշանավորումն Արամ նահապետի օրվան

Բացառիկ դեպքերում, նաև ասպետացումը կարող է անցկացվել այլ օր:

Ասպետացման արարողակարգը սկսվում է նախորդ օրվա երեկոյան և ավարտվում հաջորդ օրը: Ասպետացումը համարվում է անձնական գաղտնիք. նրա մանրամասները հրապարակման կամ տարածման ենթակա չեն: Արարողակարգային մանրամասները սահմանվում են համապատասխան արարողակարգերով, պայմանով, որ դրանք չեն հակասում Ազնվակարգին և սույն Ասպետակարգին:
Այդ արարողակարգերի նվազագույն ընդհանուր տարրերը հետևյալն են.

Ա. Զվարթնոց

Ասպետացման առաջին փուլը սկսվում երեկոյան, երբ զինակիրը պատրաստվում է ստանձնել այն նվիրական առաքելությունը, որն իր մեջ ամփոփում է ասպետություն: Զվարթնոցը համարվում է ապագա ասպետի հասունության, պատրաստակամության, ազնվականության ներքին կանչի և անձնական պարկեշտության վեհագույն փորձը:

Բ. Ասպետաց ուխտ

Նախապատրաստությանը հետևում է ուխտը (la foi) Ամենայն Հայոց Արքային, Մեծ Հայքի Արքայական Գահին և Մեծ Հայքի Արքայությանը: Ոստանիկ ասպետացման դեպքում, եթե ասպետացնողը տոհմապետ իշխանն է, ապա ասպետացուն նաև երդում (l’hommage) է տալիս տոհմապետ իշխանին, իսկ միաբանական Ասպետացման դեպքում՝ համապատասխան ասպետական միաբանությանը: Որոշ դեպքերում՝ միաբանական ասպետացման պարագայում, ուխտը արտահայտվում է գրավոր տեքստի արտասանությամբ և ապա ստորագրմամբ, և կատարվում է ասպետակարգման ավարտին:

Արտասանելով ուխտը և երդումը, ասպետացուն կանգնում է ձախ ծնկի վրա (որոշ դեպքերում համաձայն տվյալ ասպետական միաբանության ավանդույթին կարող է ծնկել երկու ոտքի վրա) և աջ ձեռքը վեր բարձրացրած (ձեռքը բարձրացվում է գլխից փոքրի ինչ վեր ափը և մատները ամբողջությամբ բացված):

Ապագա ասպետը պարտավոր է իր ամբողջ կյանքի ընթացքում սրբորեն պահպանել և իրականացնել իր ուխտը և երդումը: Ապագայում, ուխտի կամ երդման մեջ որևե հակասությունների դեպքում ասպետը պարտավոր է առաջին հերթին կատարել Ամենայն Հայոց Արքային տրված իր ուխտը:


Դ. Զինանվանում

Զինանշանի հանձնմանը հետևում է զինանվանումը: Ապագա ասպետի անձնական զենքի անհատական անունը պետք է որոշված լինի նախապես՝ ուսուցիչ-ասպետի հետ խորհրդակցելով: Այն չպետք է կրկնի սույն զինատեսակի շարքից (այսինքը թրերի, սրերի կամ դաշույնների մեջ) այլ անվանումները: Այդ անվանումը կարելի է նախապես փորագրել զենքի վրա:

Ասպետացուն ծնկի գալով  և խոնարհվելով հորիզոնական վիճակում պատյանից հանած հանձնում է իր անձնական զենքը (թուրը, սուրը, դաշույնը) իր ուսուցիչ-ասպետին:

Իր հերթին ուսուցիչ-ասպետը խոնարհվելով ընդունում է զենքը և լվանում այն մաքուր ջրով: Այնուհետև, ուսուցիչ-ասպետը խոնարհվելով փոխանցում է այդ զենքը ասպետացնող միապետին կամ տոհմապետ իշխանին, Ասպետացնող միապետը կամ տոհմապետ իշխանը խոնարհվելով ընդունում է զենքը:

Ե. Ուսադրություն

Ասպետացման վերջին արարողությունը՝ ուսադրությունն (colée) է, որը հետևում է զինանվանումից անմիջապես հետո: Ասպետացուի անձնական զենքը ընդունելուց հետո, ասպետացնող միապերը կամ տոհմապետ իշխանը մոտենում է ասպետացուին և զենքի սուր ծայրով դիպչում է ասպետացուի ձախ և աջ ուսերին և ապա գլխին: Ուսադրության ավարտին ասպետին բարձրացնում են և կապում գոտի:

Գոտեկապությունը կապվում է ձախ մասից դեպի աջ այնպես, որ ավարտին գոտու ծոպքերը գտնվեն ձախ մասում. գոտին փաթաթվում է երեք կապ: Գոտեկապության ավարտին ասպետին է հանձնվում անձնական զենքը, և համապատասխան կնքված ու ստորագրված ասպետագիրը (արաողությանը ներկա հինգ իշխանները պետք է կնքեն այն իրենց տոհմական/անձնական կնիքներով):

Այս արարողությամբ ավարտվում է ասպետացումը:

Բացի գիշերավար զվարթնոցից, ասպետացման բոլոր այլ արարողությունները պարտադիր պետք է կատարվեն օրվա լուսավոր (արևային) ժամանակ:

Վերոհիշյալ սահմաններում, ասպետացման արարողակարգի այլ մանրամասները սահմանվում են համապատասխան միապետի, տոհմապետ իշխանի կամ միաբանության հայեցողությամբ՝ պայմանով, որ նրանք չեն հակասում Ազնվակարգին և սույն Ասպետակարգին:


ԶԻՆԱՆՇԱՆԻ ՀԱՆՁՆՈՒՄ

Ուխտին և երդմանը հետևում է ասպետի անձնական զինանշանի հանձնումը: Բոլոր ասպետները պարտավոր են ունենալ անձնական զինանշան: Անձնական ասպետական զինանշանի տարբերակը պետք է պատրաստվի նախորոք՝ ասպետացու դառնալուն հետ մեկտեղ:


ԱՍՊԵՏԻ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Ասպետը նախ և առաջ հոգու կանչ է, իսկ Հայրենիքին՝ և այն խորհրդանշող միապետին նվիրված ծառայությունը՝ ասպետի կյանքի իմաստը:

Որպես նվազագույն, ասպետը պարտավոր է.
  1. Լինել անվերապահորեն նվիրված Ամենայն Հայոց Արքային, Հայոց Գահին և Հայրենիքին, որոնք կազմում են եռամիասնություն, խորհրդանշելով հայ ազգն ու հայոց պետականությունը
  2. Անվերապահորեն ընդունել և հետևել հայոց Ազնվակարգին և սույն Ասպետակարգին. Միաբանական ասպետը՝ նաև ընդունել և հետևել իր միաբանության կանոններին
  3. Կատարել միապետի հրամաններն ու կարգադրությունները. ոստանիկ ասպետները նաև պարտավոր են կատարել իրենց տոհմապետ իշխանի իսկ միաբանական ասպետները՝ իրենց միաբանության հրամաններն ու կարգադրությունները
  4. Ունենալ անձնական սառը զենք՝ թուր, սուր, կամ դաշույն, և օգտագործել այն ըստ սահմանված կանոնների և օրենքի սահմաններում
  5. Ունենալ անձնական զինանշան և կրել այն բոլոր միապետական-ազնվական կամ ասպետական միջոցառումների ժամանակ
  6. Լինել արդար, ազնիվ, ու պարկեշտ բոլոր հարցերում
  7. Լինել հայրենասեր, ընդմիշտ պաշտպանել Հայրենիքը և հայոց ազգային շահերը
  8. Լինել համեստ, բարյացակամ, հարգալից, մեծահոգի,
  9. Հետևել ազնվական և ասպետական խոսքին, բարձր պահել իր պատիվը
  10. Լինել բարեկիրթ և քաղաքավարի


ԱՍՊԵՏԱԶՐԿՄԱՆ ԱՐԱՐՈՂԱԿԱՐԳ

Անկախ ասպետի ասպետացման կարգից, ասպետազրկման իրավունք՝ իրենց հայեցողությամբ ունեն.
  • Ամենայն Հայոց Արքան կամ ասպետացնող տոհմապետ իշխանը
  • Հայոց Իշխանաց Խորհուրդը
  • Համապատասխան ասպետական միաբանությունը

Որոշումը ընդունվում է գրավոր՝ հրովարտակի կամ այլ համապատասխան գրության ձևով, որով տեղեկացվում են ասպետի ուսուցիչ-ասպետը և ասպետացնող անձը (միապետը կամ տոհմապետ իշխանը) և վկաները: Այդ որոշումը հրատարակվում է միապետական մամուլում:

Ասպետազրկման ամբողջ արարողությունը կատարում է ոչ-ազնվականը (օրինակ, աշակերտը կամ ասպետացուն): Ասպետի անունը հեռացվում է ասպետների ցանկերից (ասպետացնողի տոհմական դիվանից և/կամ միաբանության) և ոչնչացվում է ասպետագիրը: Նաև ոչնչացվում կամ վնասվում է անձնական զինանշանը և զենքը:

Ասպետազրկվողը պարտավոր է արժանավայել ընդունել ասպետազրկման որոշումը և հետևել արարողակարգին: Ասպետազրկման պայմաններին և արարողակարգին չհետևելու կամ դրանք անտեսելու դեպքում, անձը զրկում է իրեն և իր յոթ գալիք սերունդներին ապագայում ասպետական կամ ազնվական դասին կարգվելու հնարավորությունից:


Հայոց Իշխանաց Խորհուրդ
Սուրբ Տրդատի Ասպետական Միաբանություն
2015 թ.




ԱՅԼ ՀՈԴՎԱԾՆԵՐ